«Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիր․ ՁԱՈ ծրագիր

Ինչպես ամեն ինչ սկսվեց

2006 թ. միջազգային բարերար և մեծ մարդասեր Ժիրայր Թրփանճեանի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀԱՀ) 5 մլն դոլարի չափով ֆինանսական նվիրաբերություն տրամադրելու շնորհիվ մեկնարկեց Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ)՝ նպատակ ունենալով խթանել տնտեսության զարգացումը ՀՀ գյուղական համայնքներում ներկա և ապագա ձեռներեցներին կրթություն ու աջակցություն տրամադրելու միջոցով: Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ 1245 դիմորդ ավարտել է ձեռնարկատիրական դասընթացներ, տարբեր ոլորտներում ստեղծվել է 423 բիզնես և 433 աշխատատեղ:

ԹԳՀԶԾ ծրագրի դիմորդների զգալի մասը հետաքրքրված էր առողջապահության ոլորտում մասնավոր գործունեություն ծավալելով, ինչը հիմք դարձավ նախաձեռնելու «Ձեռներեցներ առողջապահության ոլորտում» ծրագիրը՝ միտված բարձրացնելու որակյալ բուժօգնության հասանելիությունը գյուղական համայնքներում և մարզային փոքր քաղաքներում նոր մասնավոր կենտրոններ հիմնելու կամ գործող կենտրոններն ընդլայնելու միջոցով:

Ծրագրի նպատակները

1) ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում մասնավոր ծառայություն հիմնել ցանկացողներին ապահովել անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով ձեռնարկատիրության և բուժօգնության որակի կառավարման վերաբերյալ դասընթացներ տրամադրելու միջոցով:

2) Աջակցել ծրագրի շահառուներին մասնավոր ծառայություն հիմնելու ֆինանսավորում գտնելու հարցում՝ օգնելով ցածր տոկոսադրույքներով վարկ ստանալ տեղական բանկերից։

3) Շահառուների՝ մասնավոր ծառայություն հիմնելու և իրականացնելու ամբողջ ընթացքում տրամադրել շարունակական աջակցություն՝ մասնագիտական խորհրդատվության, որակի գնահատման և մշտադիտարկման միջոցով:

Ծրագրի հիմնական բաղադրիչները

  • Ձեռներեցներին անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների  տրամադրում` բուժօգնության որակի, բիզնեսի և հաշվապահության, ինչպես նաև կանխարգելիչ ատամնաբուժության ոլորտներում:

  • Ֆինանսական աջակցություն ցածր տոկոսադրույքով (5%) վարկի տեսքով:

  • Շարունակական մասնագիտական խորհրդատվություն մարքեթինգի, ֆինանսների, բանկային ծառայությունների, հաշվապահության, հարկային համակարգի, բուժօգնության որակի ապահովման, բիզնեսի մշտադիտարկման և գնահատման ոլորտներում:

  • Սփյուռքի մասնագետների հետ համագործակցություն:

  • Աջակցություն շարունակական մասնագիտական զարգացմանը:

  • Ատամնաբույժ շահառուների կողմից սպասարկվող համայնքներում կանխարգելիչ ատամնաբուժության ուղղվածությամբ ծրագրերի իրականացում: 

  • Լրացուցիչ աջակցություն սահմանամերձ համայնքներին:

 

ՀԱՀ ՁԱՈ ծրագիր. հոլովակ 

ՀԱՀ ՁԱՈ ծրագիր. թռուցիկ